Հարգելի գործընկերներ
Վերջին ժամանակներս հաճախ են հարկ վճարողների կողմից բարձրաձայնվում հարկային եւ մաքսային մարմինների կողմից անհիմն պատժամիջոցների կիրառման կամ դրանց հնարավոր շահարկման դեպքերը: Հարկային և մաքսային օրենսդրության նախնական վերլուծությամբ պարզվել է, որ առանձին դեպքերում օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցները կապված չեն հարկերի պակաս հայտարարագրման կամ վճարման հետ: Օրինակ, ապրանքներ ներմուծելիս ապրանքի ծագման երկրի սխալ հայտարարագրման դեպքում գանձվում է ապրանքների մաքսային արժեքի չափով տուգանք: Նշված և նմանատիպ խնդիրների կարգավորման համար «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ է եղել իրականացնել մի ծրագիր, որով նախատեսվում է հետազոտել եւ վերլուծել հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված բոլոր նմանատիպ պատժամիջոցները` բացառելու համար կիրառողների կողմից հնարավոր շահարկման հնարավորությունները: Նմանատիպ բոլոր դեպքերի ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայի վերլուծության արդյունքում կազմակերպության կողմից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու առաջարկություններ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նմանատիպ պատժամիջոցների օրենսդրական վերանայման վերաբերյալ:
Հաշվի առնելով այն, որ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի արդյունքները մեծապես օգտակար կարող են լինել հարկ վճարողների համար, հայցվում է բոլոր շահագրգիռ կողմերի` հատկապես, հարկ վճարողների աջակցությունը կոռուպցիոն ռիսկեր առաջացնող պատժամիջոցների և (կամ) դրանց կիրառման պրակտիկայում ծագող խնդիրների բացահայտման և, հնարավորության դեպքում, նաև դրանց լուծումների ներկայացման համար:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել Ձեր նախընտրելի տարբերակով: