Նորություններ / ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 1. Շրջանառության հարկի ներդրման ՀՀ կառավարության հիմնավորումները

ՀՀ Ազգային ժողով ներկայացված նշված օրինագծին կից տեղեկանքով հիմնավորվում է, որ (մեջ­բեր­վում է). «գոր­ծող օրենսդրության համաձայն, տարեկան կտրվածքով մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառու­թյուն ունեցող տնտեսավարող սուբյեկտները ԱԱՀ վճարողներ չեն համարվում և վճարում են շահու­թահարկ կամ եկամտահարկ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կամ եկա­մտահարկի վճարումը ենթադրում է, որ նշյալ տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են վարել եկամուտների ու ծախսերի բարդ ու աշխատատար հարկային հաշվառում, ինչը փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների համար բավական դժվար լուծելի խնդիր է:

2. Շրջանառության հարկի ներդրման մեր հիմնավորումները

 Նոր հարկատեսակի ներդրման հիմնական խնդիրը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ծախսերի փաստաթղթավորման խնդրին: Գաղտնիք չէ, որ փոքր և միջին բիզնեսի մի մասը հնարավություն չունի որոշ ապրանքների մասով ստանալ այդ ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը կամ, ձեռքբերված ապրանքների փաստաթղթերը տրամադրվում են ձեռքբերման գնից էականորեն տարբերվող ցածր գներով: Ներկայումս գործող հարկման դաշտի պայմաններում, փոքր և միջին համարվող սուբյեկտերի համար փաստաթղթերի բացակայությունը հնարավոր չի դարձնում փաստացի կատարված ծախսերը հաշվի առնել հարկման նպատակով, ինչը իր հերթին լրացուցիչ հարկային բեռ է դառնում նրանց համար: Ներկայացված նախագիծը ըստ էության նախատեսում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների մի մասի առանց փաստաթղթավորման ձեռքբերված ապրանքերի համար լրացուցիչ հարկային բեռի խնդիրը:

Սակայն, նույն հարկման դաշտում աշխատող այլ փոքր և միջին հարկ վճարողները նման խնդիր չունեն՝ միգուցե կապված գործունեության և ապրանքային տեսականու առանձնա­հատկություններով:

3. Նախագծով նախատեսված՝ առևտրական գործունեության մասով 3.5 տոկոս հարկի դրույքաչափի դեպքում հարկային բեռը

Դրույքաչափի խնդիրն էական է դառնում ներդրվող հարկի դրույքաչափերի մեծության շնորհիվ:

1. Սննդամթերի, ծխախոտի և նմանատիպ ապրանքների իրացման և ձեռքբերման գները ըստ էության սահմանափակված են, հետևաբար առևտրային վերադիրը ընդհանուր առմամբ չի գերազանցում 10 տոկոսը: Օրինակով քննարկենք մի պարզ դեպք.

- ամսական 4 մլն դրամ ձեռքբերումներ ունեցող ապրանքների դեպքում, առևտրային 10 տոկոս վերադիրի դեպքում ստացված եկամուտը կարող է կազմել 400 հազ. դրամ,

- առնվազն երկու աշխատողի դեպքում աշխատավարձի գծով ծախսը կկազմի 200 հազ դրամ (2013 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուրին 75.6 հազ դրամ մաքուր աշխատավարձ վճարելու դեպքում հայտարարագրվող աշխատավարձը պետք է լինի 100 հազ դրամ),

- այլ ծախսերը (էլեկտրաէներգիայի, ջրի և կոմունալ այլ ծախսերի, ՀԴՄ կտրոնի թղթի և այլ ծախսերը) կկազմեն առնվազն 100 հազ դրամ,

- նախագծով նախատեսված 3.5 տոկոս դրույքաչափով 4400 հազ. դրամի (4 մլն + 400 հազ դրամ) իրացման նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի ամսական գումարը կկազմի 154 հազ դրամ,

- խանութի զուտ շահույթը (վնաս) կկազմի (– 54) հազ դրամ:

Այսինքն, պարզ է դառնում, որ նախագծով նախատեսված դրույքաչափի պայմաններում խանութներն աշխատելու են վնասով:

2. Նույն օրինակով կարելի է հաշվել հարկային բեռը ներկայումս գործող հարկման ռեժիմի դեպքում՝ փաստաթղթերի առկայության դեպքում;

- շահույթը առանց շահութահարկի վճարման կկազմի 100 հազ դրամ (400 հազ դրամ - 200 հազ դրամ (աշխատավարձ) – 100 հազ դրամ (այլ ծախսեր)),

- 20 տոկոս շահութահարկի դրույքաչափով շահութահարկը հաշվերկելիս շահու­թա­հարկի գումարը կկազմի 20 հազ դրամ:

Նշված օրինակի դեպքում ստացվում է, որ ամսական 4.4 մլն դրամ (տարեկան 52.8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում՝ ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճա­րողը շրջանառության հարկի ներդրման դեպքում 2013 թվականին վճարելու է առնվազն 7 անգամ ավելի շատ հարկ, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը: Հետևաբար, առնվազն անհաս­կանալի է հարկային բեռի թեթևացման վերաբերյալ նախագծի հիմնավորումները:

Առևտրական գործունեության ցուցանիշեր

իրացումից եկամուտ

   4,400,000    

     4,600,000  

       4,800,000  

առևտրային վերադիր

10%

15%

20%

ապրանքների ձեռքբերման արժեք

   4,000,000    

     4,000,000  

       4,000,000  

Շրջանառության հարկի դրույքաչափ

3.5%

3.5%

3.5%

Շրջանառության հարկի գումար

     154,000  

       161,000  

           168,000  

Աշխատավարձ երկու աշխատողի հաշվարկով՝ ներառյալ 24.4 եկամտային հարկը՝ յուրաքանչյուրին 75 հազ դրամ ամսական հարկումից հետո

     200,000  

       200,000  

           200,000  

Էլեկտրաէներգի, ջուր, մաքրում, ՀԴՄ կտրոն

     100,000  

       100,000  

           100,000  

Շահութահարկի դրույքաչափ

20%

20%

20%

Շահութահարկի գումար

       20,000  

         60,000  

           100,000  

Շրջանառության հարկի գումարի և շահութահարկի գումարի հարաբերություն

           7.7  

             2.7  

               1.7

 4. Նախագծով նախատեսված՝ այլ գործունեության մասով 5 տոկոս հարկի դրույքաչափի դեպքում հարկային բեռը

Գործունեության այլ տեսակներից են ծառայությունների ոլորտը, որը իր մեջ ներառում է ինչպես ոսկեգործությունը, կահույքագործությունը, խորհրդատվական, իրավաբանական ծա­ռա­յութ­յունները և այլն: Ոսկեգործության մեջ մեր ունեցած տվյալների համաձայն նյութածախը կազմում է 80-85 տոկոս, կահույքագործության մեջ՝ 40-50 տոկոս: Այս երկու գործունեության տեսակները իրացման շրջանառության միատեսակ 5 տոկոս դրույքաչափով հարկելը նշանակում է բեռի գրեթե 2 անգամ տարբերակում: Եթե կահույքագործության դեպքում նման բեռի ինչ որ չափով կարող է համադրելի լինել ներկայումս գործող հարկային բեռի համեմատությամբ, ապա ոսկեգործության դեպքում նշանակում է հարկային բեռի ավելացում առնվազն 2-2.5 անգամ:    

5. Անհատ ձեռնարկատերերի մասով հարկային բեռը

Գործող օրենսդրության շրջանակներում մինչև 58.35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարող չեն հանդիսանում, վճարում են եկամտահարկ և սոցվճար, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկ: Նախագծով նախատեսված է, որ անհատ ձեռնարկատերերի դեպքում, բացի եկամտային հարկից, 2013 թվականի հունվարի 1-ից վճարելու շրջանառության հարկ, որը փոխարինելու է միայն ավելացված արժեքի հարկին: Հետևաբար, անհատ ձեռնարկատերերի դեպքում, առնվազն շրջանառության հարկի գումարների չափով ավելանում է անհատ ձեռնարկատերերի հարկյին բեռը: Այստեղ կարող է բեռի տեսանկյունից քննարկման առարկա դառնալ միայն շուկայից գնումների մասով հարկային գործակալի 11 դրույքաչափով եկամտային հարկի հարցը, սակայն ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը, ըստ էության, շուկայից ձեռքբերումներ չեն ունենում, հետևաբար, ծառայությունների մատուցում իրականացնող անհատ ձեռնարկատերերի հարկային բեռը կավելանա նախագծով նախատեսված՝ իրացման շրջանառության առնվազն 5 տոկոսի չափով:      

6. Առաջարկություններ

Շրջանառության հարկի ներդրումն իհարկե արդարացված է բոլոր նրանց համար, որոնց մոտ առկա է փաստաթղթավորման խնդիրը, սակայն վերը նշված օրինակը պարզ է դարձնում, որ նախագծով նախատեսված՝ 3.5 տոկոս դրույքաչափի պայմաններում փոքր և միջին խանութ­ներն աշխատելու են վնասով և ստիպված են լինելու թաքցնել իրացման շրջանա­ռութ­յուն­ները, ինչը և պետության և հարկ վճարողների համար նոր ռիսկերի (այդ թվում՝ կոռուպ­ցիոն ռիկսերի) լայն դաշտ է ստեղծում: Հարցի կարգավորման համար առաջարկում ենք.

- Շրջանառության հարկի դրույքաչափը առևտրական գործունեության (խանութների) դեպքում նախատեսել իրացման շրջանառության 1 տոկոսից ոչ ավել,

- Շրջանառության հարկը նախատեսել որպես այլընտրանք ներկայումս գործող հարկման ռեժիմի (ցանկությամբ կարող է դառնալ շրջանառության հարկ վճարող կամ ԱԱՀ վճարող չհամարվող):

Այս դեպքում, հարկային բեռը չի ավելանա ձեռքբերված ապրանքների փաստաթղթա­վորում ունեցող հարկ վճարողների համար, իսկ հարկ վճարողը կարող է ընտրել կամ գործել ներկայիս հարկային դաշտում՝ մնալով ԱԱՀ վճարող չհամարվող մինչև 58.35 մլն դրամ շեմի պայմաններում կամ համարվել շրջանառության հարկ վճարող (դրույքաչափերը նվազեցնելու դեպքում):

Հակառակ դեպքում, ներկայացված նախագծի շրջանակներում ընտրությունը շրջանառության հարկ վճարող համարվելու և ԱԱՀ վճարող համարվելու միջև է (ԱԱՀ վճարող համարվելու դեպքում հարկային բեռը կավելանա առնվազն 2 անգամ): Ստացվում է, որ շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում հարկային բեռն ավելանալու է 1.7-ից մինչև 7.7 անգամ, իսկ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում՝ առնվազն 2 անգամ: Այսինքն նախագծի շրջանակներում ընտրությունը ավելի վատի և վատի միջև է:

 

Հարցում

Տարածել

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...