Նորություններ / Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային պարտավորությունների կատարման ապահովում» բաժնի վերաբերյալ

Հարկային օրենսգրքի նախագծի

«Հարկային պարտավորությունների կատարման ապահովում» բաժնի վերաբերյալ

Հոդված 449

1.          Հոդվածի 1-ին մասում հստակեցված չեն, թե որոնք կարող են համարվել բավարար ապացույցներ հարկային մարմնի կողմից ենթադրություններ անելու համար: Հետևաբար, մասում «բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է» բառակապակցությամբ երկու անորոշության   առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առանց հստակեցման, մասը շարադրված խմբագրությունը համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

Հոդված 450

1.          Հոդվածի 3-րդ մասում հստակեցված չէ, թե հաջորդ հերթի գույքի վրա արգելանք կիրառելու համար ինչպես, ինչ ընթացակարգով և ում կողմից է գնահատվելու նախորդ հերթի գույքի արժեքի անբավարար լինելը: Միաժամանակ «հաջորդ հերթի գույքի վրա արգելանք կարող է կիրառվել, եթե ակնհայտ է» բառակապակցությամբ երկու անորոշության առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առանց հստակեցման, մասի շարադրված խմբագրությունը համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

2.          Հոդվածի 7-րդ մասում հստակեցված չէ, թե վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին հարկ վճարողին ով է տեղեկացնելու և ինչ կերպ:

Հոդված 452

1.          Հոդվածի 7-րդ մասից հանել «հստակ» բառը:

Հոդված 454

1.          Հոդվածի 2-րդ մասում պարզ չէ, եթե հարկային մարմնի պաշտոնատար անձն ինչ փաստական հանգամանքների առկայության դեպքում է ենթադրություն անելու, որ հարկ վճարողը փորձում է արգելանքի տակ դրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել: Մյուս կողմից պարզ չէ, թե պաշտոնատար անձի ենթադրությունների հիման վրա հայեցողական որոշում ընդունելու դեպքում ինչու պետք է հարկ վճարողը կրի գույքի պահատվության հետ կապված ծախսերը: Նման խմբագրությունը հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առանց հստակեցման, մասի շարադրված խմբագրությունը համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

Հոդված 456

1.          Հոդվածի 3-րդ մասում գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային պարտավորությունների մարման տևողությունը նախատեսվում է սահմանվել 3 ամսից մինչև 9 ամիս ժամկետով: Պարզ չէ, թե ինչու է ժամկետային նման տարբերակում դրվել բանկային երաշխիքի առկայության դեպքում նախատեսվող՝    հարկային պարտավորությունների մարման տևողության համեմատ: Առաջարկում ենք նույնականացնել ժամկետները:

2.          Հոդվածի 9-րդ մասում նախատեսված է, որ գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքը գերազանցում է հարկային պարտավորության ապահովման անհրաժեշտ չափն ավելի քան 20 տոկոսով: Նշված խմբագրությունից պարզ չէ, թե ով է գնահատելու, ինչպես և ով է որոշելու պայմանագիր կնքելու նպատակահարմարությունը: Նման խմբագրությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առանց հստակեցման, մասի շարադրված խմբագրությունը համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

3.          Հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետում նույն խնդիրն է առկա, ինչ ներկայացվել է հոդվածի 9-րդ մասի հետ կապված:

4.          Հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում հստակեցնել, որ խոսքը վերաբերում է պիտանալիության ժամկետ ունեցող գույքի դեպքին:

5.          Հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետում պարզ չէ, թե ումից ստացված և ինչ բնույթի տեղեկատվության մասին է խոսքը գնում և հարկային մարմինը ինչպես է որոշելու գրավատուի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությունը: Նման խմբագրությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առանց հստակեցման, մասի շարադրված խմբագրությունը համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

Հոդված 457

1.          Հոդվածի 7-րդ մասի 6-րդ կետում պարզ չէ, թե ումից ստացված և ինչ բնույթի տեղեկատվության մասին է խոսքը գնում և հարկային մարմինը ինչպես է որոշելու երաշխավորողի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությունը: Նման խմբագրությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առանց հստակեցման, մասի շարադրված խմբագրությունը համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

 

Բաժնի մասով ընդհանուր նկատառումներ և առաջարկություններ

1.          Հարկային մարմնի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերված գումարների և հաշվարկված տուգանքների մեծությունը հարկ վճարողը պարտավոր է վճարել 10-օրյա ժամկետում: Սակայն, ստուգման արդյունքում ստուգման ակտով արձանագրված գումար­ների մեծությունը շատ հաճախ հնարավոր չի դարձնում 10-օրյա ժամկետում վճարել և միաժամանակ ապահովել կազմակերպության բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով այն, որ օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է պարտա­վորությունների աստիճանական մարման հնարավորություն հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու դեպքերում, առաջարկվում է նման հնարավորություն սահմանել նաև ստուգ­ման ակտերով առաջադրված պարտավորությունների մարման դեպքերում, առանց գույքի արգելանք դնելու գործառույթների իրականացման: Այդ դեպքում, կպակասի նաև վարչական մարմնի կողմից իրականացվող գործառույթների քանակը և հետևաբար նաև պետության ազատ ռեսուրսները կարող են ուղղվել առավել նպատակային ուղղություն­ներով:

2.          Առաջարկում ենք պահպանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածով նախատեսված ՝ հարկ վճարողի պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ պարտավորությունների աստիճանական մարելու վերա­բերյալ ժամանակացույց կնքելու գործող հնարավորությունը, որը նախատեսում է պայմանագիր կնքել նաև առանց գրավի, երաշխավորությունների և երաշխավորության այլ ձևերի տարբերակով: Առաջարկվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի կնքման իմպերատիվ պահանջ սահմանել այն դեպքերում, երբ հարկ վճարողը մարել է պարտավորությունների քսանից կամ հիսուն տոկոսից ավել չափը:

1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

Հարցում

Տարածել

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...