Պիջակի պատվիրատուն և դերձակը կամ հարկ վճարողը և հարկային վարչարարությունը
Պիջակ պատվիրած հաճախորդը, հագնելով արդեն իսկ կարված պիջակը, նկատում է, որ մի թևը կարճ է մյուսից:
Հաճախորդ. «Դերձակ ջան, ախր մի թևը կարճ է մյուսից»:
Դերձակ. «Եթե թևդ մի քիչ վերև բարձրացնես, կարճությունը չի երևա»:
Հաճախորդ. «Դերձակ ջան, ախր պիջակի ներքևի մասն (բորտերը) էլ է անհավասար»,
Դերձակ. «Եթե աջ ուսդ մի քիչ վերև բարձրացնես, կհավասարվեն»:
Պիջակը հագած, թևն ու ուսը վերև քաշած պատվիրատուն, դուրս է գալիս տուն գնալու: Փողոցում մարդիկ տեսնում են և ասում, որ կարգին դերձակ է, որ այս ռախիտ մարդու վրա այսպես լավ պիջակ է կարել, առանց հասկանալու, որ իրականում դերձակն է, ըստ էության, ռախիտ մարդու տպավորություն ստեղծել:
Վերջին տարիներին հարկային վարչարարության բարելավման նպատակով իրականացվող քայլերը ոչ թե հարմարեցվում են գործարար միջավայրին, այլ հարկային մարմնի վարչարարական մեխանիզմները հեշտացվելով, հարկ վճարողի համար լրացուցիչ գործառույթներ և դժվարություններ են ստեղծում՝ հարկ վճարողների գործառույթները հարմարեցնելով վարչարարական գործառույթներին: Օրինակները բազմաթիվ են, իսկ դրանց արդյունավետությունը կամ բացակայում է կամ չնչին է:
Հերթական նման վարչարարական փոփոխության ակնդիրը դարձանք: Պարզվում է, որ որոշ հարկային տեսչություններում չեն տրամադրում թղթային հարկային հաշիվներ՝ պարզ է, առանց դրա իրավական հիմքերը ունենալով: Թղթային հարկային հաշիվների անհրաժեշտությունը հարկ վճարողների համար պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այլ թվում էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակ հնարավությունների հետ կապված:
Կարծում ենք, որ ցանկացած գործողություն պետք է արվի ոչ միակողմանի փաստարկները հիմք ընդունելով, այլ կարելի է գոնե որոշ դեպքերում, հարցնել հարկ վճարողին: Այլապես, ստացվում է դերձակի պատմությունը, երբ վատ կարված պիջակի պատճառով, մարդիկ պետք է ծռմռվեն:
< Նախորդ | Հաջորդ > |
---|