Որոշ մեկնաբանություններ և կարծիք
«Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոցվածի 2-րդ կետով սահնմանվում է, որ ծավալով կամ կարևորությամբ նշանակալից օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը կարող է պատրաստել դրա հայեցակարգը: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում են նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը:
Հաշվի առնելով այն, որ նախագծով նախատեսվում է նոր ինստիտուտի ներդրում, նպատակահարմար կլիներ այսուհետ նոր կարգավորումներ նախատեսող իրավական ակտերի նախագծերին նախորդեր համապատասխան հայեցակարգի մշակումը, որով կսահմանվեին ապագա իրավական ակտի նպատակները, հիմնական դրույթները, նոր օրենքի ներդրման անհրաժեշտությունը:
Ստուգումների ներկա կարգավորումները
- Ներկայումս հարկային մարմնի կողմից ստուգումներ իրականացվում են նաև հարկ վճարողի դիմումի հիման վրա:
- Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների արդյունքում վճարվում է պակաս հաշվարկված հարկի գումարը, հարկի գումարը պակաս հայտարարագրելու համար հաշվարկված տուգանքները, հարկերը ժամանակին չվճարելու համար հաշվարկվող տույժերը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տուգանքները:
Այլընտրանքային հարկային ստուգումների առաջարկվող կարգավորումները
- Ստուգումն իրականացվում է հարկ վճարողի հայտի (անունը փոխվել է, դիմումի փոխարեն՝ հայտ) հիման վրա:
- Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների արդյունքում վճարվում է պակաս հաշվարկված հարկի գումարը և հարկերը ժամանակին չվճարելու համար հաշվարկվող տույժերը:
- Հարկի գումարը պակաս հայտարարագրելու համար հաշվարկված տուգանքները, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տուգանքները չեն հաշվարկվում:
- Հարկ վճարողը վճարում է ծառայության վճար՝ 10 մլ դրամից մինչև 500 մլն դրամ:
Այլընտրանքային հարկային ստուգումը (նախագծով նախատեսված բովանդակությամբ), բացառությամբ տուգանքները չկիրառելու և ծառայությունը վճարովի լինելու դրույթներից, բովանդակությամբ չի տարբերվում ներկայումս սահմանված ստուգման ընթացակարգերից: Ստացվում է, որ այսօրվա գործող դրույթի շրջանակներում իրականացվող ծառայությունները այսուհետ (օրենքի ընդունման դեպքում) լինելու են վճարովի, ըստ էության ի հաշիվ պետական բյուջե գանձվող տուգանքների: Միաժամանակ, պահպանվելու են հարկային մարմնի զարգացման ֆոնդին պակաս հաշվարկված հարկերի 10 տոկոսի չափով մասհանումների գումարները:
Նախագիծը կարծես թե նմանտակ ունի լուծել մեկ խնդիր՝ ապահովել հարկային մարմնի զարգացման ֆոնդի լրացուցիչ մուտքներ: Հետևաբար, կարծում ենք, որ հարցը հնարավոր էր լուծել ավելի կարճ ճանապարհով՝ ընդամենը մեկ օրենսդրական ակտում փոփոխություն նախատեսելով: «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերջում ավելացնելով «իսկ հարկ վճարողի դիմումի հիման վրա իրականացվող ստուգումների արդյունքում հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքների ամբողջ գումարը:»:
Այլընտրանքային հարկային ստուգման համար գանձվող վճարի չափը
Նախագծով նախատեսված է, որ հարկային մարմնի կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց վճարների չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հիմք ընդունելով հետևյալ չափանիշները.
1) ստուգման ենթակա հաշվետու ժամանակաշրջանները.
2) իրացման շրջանառության (համախառն եկամտի) մեծությունը.
3) գործունեության տեսակները և դրանց քանակները.
4) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կազմակերպության խոշոր համարվելը,
5) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության առկայությունը,
6) իրավաբանական անձանց տեսակը (առևտրային և ոչ առևտրային):
Նախ, ստացվում է, որ հարկային մարմինը իրականացնելու է ձեռնարկատիրական գործունեություն: Այդ դեպքում, անհասկանալի է սեփականության ձևից կախված տարբերակված մոտեցման կիրառությունը, մասնավորապես ավելացված արժեքի հարկի գծով նշված ծառայությունների մասով արտոնության տրամադրման հարցը:
Մյուս կողմից, եթե պետական մարմինը այսուհետ իրականացնելու է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ինչու է նման իրավասություն վերապահվում միայն պետական մարմնի:
Մեր տեղեկություններով, ոչ պետական մարմիններին են վերապահվում հարկերի հաշվարկման և գանձման գործառություններ: Սակայն նման գործառույթներ վերապահվում են այն հարկատեսակների գծով, որոնց դեպքում պետության կողմից կատարվող վարչարարական ծախսերը մեծ են և չի արդարացվում պետության կողմից դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթները: Մասնավորապես, գույքահարկային հարկերի հավաքագրումը որոշ երկրներում վերապահվում է մասնավոր ընկերությունների:
Վճարի նվազագույն գումարը 10 մլն դրամ լինելու դեպքում, 15 աշխատանքային օր ստուգում իրականացնելու դեպքում, նախագծի պայմանները բավարարող խոշոր չհամարվող հարկ վճարողը յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարի 666 հազ դրամը գերազանցող վճար: Չենք կարծում, որ գործող օրենսդրության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների ծախսերը մոտ են այդ գումարի չափին:
Անհասկանալի է, թե հաշվետու ժամանակաշրջանների քանակը վճարի չափը մեծացնելու է, թե պակասեցնելու: Եթե հարկ վճարողն է դիմում ստուգում իրականացնելու համար, ապա այդ դեպքում, պետք է նախատեսվի նաև հաշվետու ժամանակաշրջանի ընտրություն, որի համար, որ ցանկանում է, որ իրականացվի ստուգում:
Նախագծով հստակեցված չէ, թե հաշվետու ժամանակաշրջանը վերաբերում է տարվան, թե կարող է նաև վերաբերել ամիսներին: Պարզ է, որ իրացման շրջանառության մեծությունից. գործունեության տեսակներից և դրանց քանակներից կախված բարձրացնելու է վճարի չափը, սակայն անհասկանալի է ինչ լոգարիթմով է հաշվարկվելու: Մասնավորապես, մեկ հիմնական գործունեության տեսակից բացի, հարկ վճարողը իրացրել է մեկ տուփ թուղթ, որը համարվում է այլ գործունեություն, որի արդյունքում հնարավոր է, որ այդ հարկ վճարողի համար վճարի չափը ավելանա 1 մլն դրամով:
Եթե վճարի չափի հաշվարկման ներկայացված ալգորիթմը բացակայում է, նախապես ներկայացված չէ վճարի չափը, ապա պարզ չէ ընդհանրապես օրենքի կիրառության հետևանքները և ռիսկերը:
Հարկային համակարգում առկա խնդիրներ
1. Ներկայումս գործող հարկային օրենսդրությունը բարդացված է և պարունակում է բազմաթիվ երկիմաստ և չկարգավորված դրույթեր, որոնք շատ դեպքերում ստուգումների ընթացքում օգտագործվում են խախտումներ արձանագրելու համար:
2. Հարկային օրենսդրությունը որոշ դրույթներ կիրառող մարմնի աշխատակիցների համար հայեցողական մոտեցումների հնարավորություն են ստեղծում,
3. Հարկային համակարգի որոշ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների պակասը խնդիրներ է առաջացնում ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային մարմնի համար,
4. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույթի համընդհանուր կիրառման հնարավորությունը, այդ թվում քննիչների հայեցողական որոշումների հիման վրա ստուգումներ իրականացնելու անսահմանափակ (չկանոնակարգված) հնարավորությունը անհասկանալի է դարձնում պետության կողմից որդեգրած խաղի կանոնները և հարկ վճարողների վարքագիծը,
5. Գաղտնիք չէ, որ ստուգման գործընթացում գտնվող հարկ վճարողների մոտ ստուգումները հաճախակի կասեցվում են, չնայած պաշտոնական հիմքերը այլ են լինում, որոշ դեպքերում ստուգողների ծանրաբեռնվածության պատճառով:
Ներդրման նպատակարմարության հարցը
Ներդման նպատակահարմարության հարցը քննարկելիս առաջին հերթին անհրաժեշտ է պատկերացում կազմել այն շարժառիթների և պատճառների մասին, որոնք հիմք են հանդիսացել մշակողների համար շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծը: Եւ հատկապես, որ խնդիրներն են, որոնք գործող օրենսդրության շրջանակներում անհնարին են դարձնում դրանց կարգավորումը, և, որ ներկայացված նախագծով դրանք կարգավորվում են:
Կարծում ենք, որ մշակողների կողմից ճիշտ կլիներ ներկայացնել անհրաժեշտ վերլուծություն, այդ թվում միջազգային պրակտիկայում կիրառվող մոտեցումների, այդ թվում հարկային մարմինների կողմից նման ստուգումների իրականացման դեպքերի: Կարևոր ենք համարում նեդրման արդյոունքների կանխատեսումների վերաբերյալ գնահատականները: Եթե նման համակարգի ներդրումը, ըստ մշակողների, կարող է նպաստել պետական բյուջե մուտքագրվող հարկերի մեծության վրա, ապա կարծում ենք, որ անհրաժեշտ էր ներկայացնել համապատասխան գնահատականները լրացուցիչ եկամուտների վերաբերյալ:
Այլընտրանքային հարկային ստուգումը ենթադրում է հարկային ռիսկերի բացահայտում, որը մեծ հաշվով խորհրդատվական ծառայությունների շրջանակներում է:
Հարկային համակարգում առկա խնդիրների գոյության և օրենսդրության կիրառության վերաբերյալ կարգավորումների բացակայության պայմաններում, ստուգում և այլընտրանքային ստուգում իրականացնող մարմինների համատեղումը նշանակում է, որ որքան հարկային դաշտը լինի բարդ և անհասկանալի, որքան սահմանված տուգանքները լինեն բարձր, ապա այնքան հարկ վճարողները շահագրգռված կլինեն հարկային հարկային մարմնի միջոցով ապահովագրել իրենց հարկային ռիսկերը:
Եթե այլընտրանքային հարկային ստուգման իրական նպատակն է նպաստել հարկ վճարողներին, թեկուզև վճարի դիմաց, հայտարարագրելու իրական հարկային պարտավորությունները, ապա նախ պետք է հարկային օրենսդրության դրույթները լինեն հստակ ինչպես հարկ վճարողների, այնպես էլ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց համար: Այս դեպքում միայն կարծում ենք, որ անհրաժեշտ է քննարկել այլընտրանքային հարկային ստուգման (ըստ էության հարկային խորհրդատվության) համակարգի նպատակահարմարության հարցը:
Եթե նման համակարգի ներդրումը կարող է նպաստել պետական բյուջե մուտքագրվող հարկերի մեծության վրա, ապա կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակներում, հարկ վճարողների դիմումի հիման վրա, առանց ծառայության վճարի գանձման, ստուգումների իրականացման պրակտիկայի դեպքում կարելի է կիրառելի դարձնել տուգանքներից ազատման մոտեցումները կամ օրենքով սահմանել, որ այդ դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում:
Ներդրման հնարավոր ռիսկերը
1. Չնայած որ նախագծով սահմանված է, որ վճարը ծառայության դիմաց է, սակայն վճարի հաշվարկման չափորոշիչները չեն առնչվում ստուգման ժամանակի, գործարքների քանակի և ծառայության փաստացի ծավալ բնութագրող այլ չափորոշիչների հետ: Վճարի չափի հաշվարկման նախագծով նախատեսված չափորոշիչները հուշում են, որ հարկ վճարողը ձեռք է բերում ստուգված լինելու իրավունք: Այլ կերպ ասած, հարկ վճարողը որոշակի գումարի դիմաց ապահովագրում է իր հարկային ռիսկերը:
2. Կարող են էապես կրճատվել ստուգումներով պայմանավորված պետական բյուջե տուգանքների տեսքով մուտքագրվող գումարները:
3. Այլընտրանքային հարկային ստուգման ներդրման դեպքում պարտադիր-կամավոր սկզբունքի կիրառության արդյունքում (առավել հնարավոր տարբերակ), վճարի մեծությունը (վճարի տեսքով հարկային բեռը) հարկ վճարողների համար էական ֆինանսական հետևանքներ կարող է առաջացնել:
4. Ներդրման հետ կապված հնարավոր են լինել այլ ռիսկեր, որոնց վերաբերյալ նկատառումներ չեն ներկայացվում, քանի որ դրանք ևս հիմնված են են լինելու ենթադրությունների վրա, որոնք կարող են ամենաանհավանականը լինել:
< Նախորդ | Հաջորդ > |
---|