Անհրաժեշտ է վերանայել մոտեցումները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով սահմանված է ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը: Նշված ցանկում ներառված ծածկագրերը ներառում են նաև կենցաղային նշանակության կամ արդյունաբերական բնույթի այնպիսի ապրանքներ, որոնք որևէ առնչություն չեն կարող ունենալ ռազմական նշանակության ապրանքների հետ:
Նշված ցանկում ներառված, սակայն ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ներմուծման դեպքում, մաքսային մարմինները ներմուծողից պահանջում են հավաստիացում, որ այդ ապրանքները ռազմական նշանակության չեն, չնայած որ ապրանքն ուղեկցող փաստաթղթերով հստակ կարելի է պատկերացում կազմել, որ, օրինակ, համակարգչի կուտակիչը կամ ինչ որ սարքավորման մաս հանդիսացող առանցքակալը ռազմական նշանակության չի կարող լինել: Մաքսային մարմնի աշխատակիցները, լուրջ դեմքով, ապրանքներ ներմուծող անձին ուղղորդում են դեպի փորձաքննություն իրականացնող ընկերություն: Այդ ընկերությունը «լուրջ» փորձաքննության արդյունքում պարզում է, որ, օրինակ, համակարգչի կուտակիչը կամ կամ ինչ որ սարքավորման մաս հանդիսացող առանցքակալը ռազմական նշանակության չի և, տալիս է այդպիսի փաստաթուղթ: Այդ փաստաթղթի առկայության դեպքում միայն ներմուծողը հնարավորություն է ունենում մաքսազերծել ապրանքները:
Ստացվում է, որ 30 հազ. դրամ արժողությամբ համակարգչի կուտակիչի կամ 10 հազ դրամ արժողությամբ առանցքակալի համար պետք է վճարել առնվազն 10 հազ դրամ փորձաքննության գումար, որը ըստ էության միայն թուղթ տալու համար է: Տվյալ դեպքում, կարծես թե փորձաքննությունները ձևական բնույթ են կրում և ժամանակն է վերանայել նման մոտեցումները: