Ապրանքների փաստաթղթավորման և ստվերային շրջանառությունների սահմանափակման հարկային մարմնի գործիքները պետք է ուղղվեն խոշոր խանութների ձեռքբերումների փաստաթղթավորմանը և իրացման շրջանառությունների վերահսկմանը
1. Առևտրական գործունեություն իրականացնողների ձեռքբերումների մասով փաստաթղթավորման ներդման պարտադիր պահանջը նախատեսվել էր ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին): Փաստաթղթի ներդրման անհրաժեշտությունը ՀՀ կառավարության կողմից հիմնավորվում էր նրանով, որ շրջանառության հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումները չփաստաթղթավորելու մոտեցումը նկատելիորեն նպաստում է ստվերային շրջանառությունների ձեւավորմանը եւ սահմանափակում է շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկման հնարավորությունները:
Նշված օրինագծին կից տեղեկանքի «Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը» բաժնում ներկայացվում էր, որ (մեջբերվում է). «ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորմանը եւ դրանով իսկ` ապահովել խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկում» (աղբյուր` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք):
Հղում՝ http://parliament.am/drafts.php?sel=showdraft&;DraftID=6821&Reading=0
2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին» հրապարակման համաձայն 2013 թվականի արդյունքերով խանութների միջոցով մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 1026348.1 մլն դրամ, իսկ մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող խանութների (11597 խանութ) միջոցով իրականացվող մանրածախ ապրանքաշրջանառությունը 187146,3 մլն դրամ կամ 18.2 տոկոսը: Մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող խանութների տարեկան միջին մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 16.2 մլն դրամ:
Հղում՝ http://www.armstat.am/file/article/sv_12_13a_126.pdf
Եթե ընդունենք, որ մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող բոլոր խանութները աշխատում են բացառապես շրջանառության հարկով (տարեկան միջին ապրանքաշրջանառությունը չի գերազանցում շրջանառության հարկով չհարկվելու 58.35 մնլ դրամ շեմը), ապա «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 2014 թվականի հոկտեմբերի 1-ից՝ առևտրական գործունեություն իրականացնողների ձեռքբերումների մասով պարտադիր փաստաթղթավորման պահանջը կարող է վերաբերել մանրածախ ապրանքաշրջանառության, լավագույն դեպքում, 18.2 տոկոսին:
Լավագույն ցանկությունների դեպքում, եթե նույնիսկ մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող խանութների միջոցով մանրածախ առևտուր իրականացնող շրջանառության հարկ վճարողները փորձեն ապահովել իրենց մատակարարվող ապրանքների պարտադիր փաստաթղթավորումը, դրա էֆեկտը չհայտարարագրվող ապրանքաշրջանառության մեջ կարող է առավելագույնը կազմել ընդամենը 18 տոկոսը:
Հետևաբար, ապրանքների փաստաթղթավորման և ստվերային շրջանառությունների սահմանափակման հարկային մարմնի գործիքները և գործողությունները պետք է առավելապես ուղղված լինեն մանրածախ ապրանքաշրջանառության 63 տոկոսը (համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման) ապահովող՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն խոշոր համարվող՝ 2013 թվականի արդյունքներով թվով 155 խանութների ձեռքբերումների փաստաթղթավորմանը և իրացման շրջանառությունների վերահսկմանը:
Շարունակելի...
< Նախորդ | Հաջորդ > |
---|