Նորություններ

ՀՀ կառավարության նոր «Նախաձեռնությունը» Հղիության  և ծննդաբերության նպաստի չափի մինչև 60 տոկոս նվազեցման մասին

ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (օրակարգի 27-րդ հարց, տես հղումը՝ https://www.e-gov.am/sessions/archive/2014/09/25/): Նշված նախագծերի մասով ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությունը շատ հպանցիկ էր. «ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի նախագծերին և դրանք «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (աղբյուր՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք, տես հղումը՝ http://gov.am/am/news/item/11564/):

Նշված նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Փորձեցինք նշված նախագծերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն ստանալ նախարարության պաշտոնական կայքից, սակայն այդ նախագծերը կայքում բացակայում են: Նշված նախագծերով ամբողջությամբ վերանայվում է հղիության և ծննդաբերության նպաստի չափը՝ փոխկապակցելով աշխատանքային ստաժի տևողության հետ, միաժամանակ այն վերանվանելով «մայրության նպաստի»: Հղիության և ծննդաբերության նպաստի չափը նախատեսվում է նվազեցնել մինչև 60 տոկոսով: Ընդ որում, հետաքրքրական այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն կարծես ավանդույթ է դարձրել անվանափոխումների մոտեցումը: Հիշենք եկամտահարկի և սոցիալական ապահովության պարտադիր վճարների միասնականացումը մեկ անվան տակ՝ եկամտային հարկ, իսկ հետագայում ավելացավ նորից այլ վճարատեսակ:

Հետաքրքիր է նախագծերի հիմնավորող տեղեկանքում նպաստի չափի նվազեցման հիմնավորումը. «Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է,........»: Միթե հանրությանը հետաքրքրող այս կարևոր փոփոխությունը նման ձևով պետք է հիմնավորվեր: Սա ինչ մոտեցում է: Կամ այդ ինչ խնդիրներ են, որ չեք կարող ասել կամ շարադրել:

Միանգամից հարց է առաջանում, թե ինչի համար է անհրաժեշտ ՀՀ կառավարության ծրագրի գոյությունը, եթե հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագրում հղիության և ծննդաբերության նպաստի չափի կրճատման մասին ոչինչ ասված չէ («2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը» բաժին, էջ 44-48, ՀՀ կառավարության ծրագիր 2014թ, աղբյուր՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք, տես հղումը՝ http://www.gov.am/files/docs/1321.pdf): Թե ՀՀ կառավարության ծրագրի կազմումը ինքնանպատակ է, հետո ով ինչ ուզի, կանի:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիրները դեռ չլուծած, կարծես թե հերթական անգամ, նոր խնդիրներ են ստեղծում ՀՀ վարչապետի համար: Պարզ է մի բան, որ օրենքի ընդունումից հետո էլի մեղավորը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն են լինելու՝ իրենց քվեարկության արդյունքներով:

Տես՝ նախագծերը և հիմնավորող տեղեկանքը:

Շարունակելի.......

 

ՀՀ կառավարության «լավությունների» մասին

  1. 2011 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (տես հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73084) որոշ գործունեության տեսակների համար հարկային բեռն ավելացվեց: Օրենքի ընդունումից 4 ամիս անց, 2012 թվականի ապրիլ ամսին, դրանց վերանայումը ՀՀ կառավարությունն որակեց որպես լավություն հարկ վճարողների համար: Մեջբերվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից. «նշված փոփոխություններով արտոնագրային վճարումների բնագավառում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ և նորամուծություններ, որոնք էապես կհեշտացնեն փոքր և միջին բիզնեսի գործունեությունը:» (տես հղումը՝ http://www.gov.am/am/news/item/9578/):
  2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքոով նոր սերդնի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակացույցի վերջանաժամկետ էր 2013 թվականի հունվարի 1-ը: ՀՀ կառավարությունը իր կողմից առաջարկված ժամկետում չկարողանալով ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների համապատասխան քանակի առկայություն, նշված ժամկետի հետաձգման առաջարկությունը ներկայացնում է որպես լավություն հարկ վճարողների համար: Մեջբերվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից. «Ինչպես արդեն տեղյակ եք, նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրումը գործող օրենքով պարտադիր է 2013թ հունվարի 1-ից: Սակայն, որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի և մեր տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու և ներդնելու հետ կապված, նախատեսվեց վերջնաժամկետ սահմանել 2013թ. հուլիսի 1-ը»: (տես հղումը՝ http://gov.am/am/press-conference/item/10031/):
  3. Նոր սերնդի ՀԴՄ-ների հարկ վճարողներին վաճառքի գնի վերանայումը ՀՀ կառավարությունը ներկայացնում է որպես լավություն հարկ վճարողների համար: Մեջբերվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից. «Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս»: (տես հղումը՝ http://gov.am/am/news/item/10820/):
  4. Շարունակելի………..
 

Ապրանքների փաստաթղթավորման և ստվերային շրջանառությունների սահմանափակման հարկային մարմնի գործիքները պետք է ուղղվեն խոշոր խանութների ձեռքբերումների փաստաթղթավորմանը և իրացման շրջանառությունների վերահսկմանը

1. Առևտրական գործունեություն իրականացնողների ձեռքբերումների մասով փաստաթղթավորման ներդման պարտադիր պահանջը նախատեսվել էր ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (Օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին): Փաստաթղթի ներդրման անհրաժեշտությունը ՀՀ կառավարության կողմից հիմնավորվում էր նրանով, որ շրջանառության հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումները չփաստաթղթավորելու մոտեցումը նկատելիորեն նպաստում է ստվերային շրջանառությունների ձեւավորմանը եւ սահմանափակում է շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկման հնարավորությունները:

Նշված օրինագծին կից տեղեկանքի «Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը» բաժնում ներկայացվում էր, որ (մեջ­բեր­վում է). «ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորմանը եւ դրանով իսկ` ապահովել խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկում» (աղբյուր` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք):

Հղում՝ http://parliament.am/drafts.php?sel=showdraft&;DraftID=6821&Reading=0

2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին» հրապարակման համաձայն 2013 թվականի արդյունքերով խանութների միջոցով մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 1026348.1 մլն դրամ, իսկ մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող խանութների (11597 խանութ) միջոցով իրականացվող մանրածախ ապրանքաշրջանառությունը 187146,3 մլն դրամ կամ 18.2 տոկոսը: Մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող խանութների տարեկան միջին մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 16.2 մլն դրամ:

Հղում՝ http://www.armstat.am/file/article/sv_12_13a_126.pdf

Եթե ընդունենք, որ մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող բոլոր խանութները աշխատում են բացառապես շրջանառության հարկով (տարեկան միջին ապրանքաշրջանառությունը չի գերազանցում շրջանառության հարկով չհարկվելու 58.35 մնլ դրամ շեմը), ապա «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 2014 թվականի հոկտեմբերի 1-ից՝ առևտրական գործունեություն իրականացնողների ձեռքբերումների մասով պարտադիր փաստաթղթավորման պահանջը կարող է վերաբերել մանրածախ ապրանքաշրջանառության, լավագույն դեպքում, 18.2 տոկոսին:

Լավագույն ցանկությունների դեպքում, եթե նույնիսկ մինչև 5 աշխատողների թվակաքանակ ունեցող խանութների միջոցով մանրածախ առևտուր իրականացնող շրջանառության հարկ վճարողները փորձեն ապահովել իրենց մատակարարվող ապրանքների պարտադիր փաստաթղթավորումը, դրա էֆեկտը չհայտարարագրվող ապրանքաշրջանառության մեջ կարող է առավելագույնը կազմել ընդամենը 18 տոկոսը:

Հետևաբար, ապրանքների փաստաթղթավորման և ստվերային շրջանառությունների սահմանափակման հարկային մարմնի գործիքները և գործողությունները պետք է առավելապես ուղղված լինեն մանրածախ ապրանքաշրջանառության 63 տոկոսը (համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման) ապահովող՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն խոշոր համարվող՝ 2013 թվականի արդյունքներով թվով 155 խանութների ձեռքբերումների փաստաթղթավորմանը և իրացման շրջանառությունների վերահսկմանը:

Շարունակելի...

 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել